Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ «Ամենաերկար նամակը, կամ՝ ճանապարհ դեպի Լույս» գրքի շնորհանդեսը:
Հեղինակ Ավետիս Ավետիսյանի գիրքը պատգամ է որդուն․ հայրն իր կյանքի փորձը փոխանցում է որդիներին՝ կրթում, դաստիարակում և նրանց ուղղորդում է դեպի ԼՈՒՅՍԸ։ Հեղինակի մտքերն իրատեսական են, միաժամանակ՝ խոհափիլիսոփայական, որոնք կստիպեն ամեն ընթերցողի մտորել ու նոր ասելիք փոխանցել զավակին:
Շնորհանդեսին ներկա էին բժշկագիտության բնագավառի անվանի պրոֆեսորներ, հեղինակի ընկերներն ու ընտանիքի անդամները: Գիրքը ծնունդ է առել Ստեփանակերտում, երբ Ավետիսը՝ որպես բժիշկ-նյարդաբան, ծառայում էր Զինված ուժերում: Ստեփանակերտի հոսպիտալում զինվորների կյանքը փրկելով՝ նա ավելի ամուր էր ստանում արժանի զավակ լինելու ազդակները: Գրքի ստեղծման ճանապարհին Ավետիս Ավետիսյանն առանձնացրել է համաշխարհային մեծության անհատների մտքերը։ Նա համոզված է, որ գիրքը կփոխանցվի հորից որդուն, որդուց՝ թոռին և կդառնա ժառանգության յուրատեսակ նամակ:
Ավետիս Ավետիսյանը նյարդաբան է, բժշկական գիտությունների թեկնածու, այժմ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ղեկավարն է: