Հայաստանի ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումեր է անցկացրել սննդի շղթայում գործունեություն իրականացնող 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ (իրացման ցանց 14, արտադրություն՝ 75, որից՝ կաթնամթերքի արտադրություն՝ 44, հացի արտադրություն՝ 6, մսամթերքի արտադրություն՝ 6, պահածոների արտադրություն՝ 11, ձկնամթերքի արտադրություն՝ 1, գարեջրի արտադրություն՝ 1)` ստուգելու այդ կազմակերպություններում օգտագործվող աղի համապատասխանությունը կերակրի աղին ներկայացվող պահանջներին:
Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ սննդի արտադրություններում օգտագործվում է թե՛ յոդացված, թե՛ չյոդացված կերակրի աղ, ինչը փաստել են լաբորատոր փորձաքննության արդյունքները և տնտեսավարող սուբյեկտների ներկայացրած անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը (չյոդացված կերակրի աղի օգտագործումը նախատեսված է եղել տվյալ արտադրության տեխնոլոգիայով): Պարզվել է նաև, որ դրանք եղել են «Ավանի աղի կոմբինատ» ՓԲ ընկերության արտադրած, և ավելի փոքր քանակությամբ՝ ներմուծված:
Վերահսկողության շրջանակներում առանձնակի ուշադրություն է դարձվել Իրանից Հայաստան ներմուծված և սննդի արտադրությունում օգտագործվող աղին (կատարվել է նմուշառում, լաբորատոր փորձաքննություն, ուղեկցող փաստաթղթերի ուսումնասիրություններ, մակնշման համապատասխանության ստուգում): Կերակրի աղի չափանիշներին չհամապատասխանող, մասնավորապես՝ սննդի արտադրությունում «տեխնիկական» աղի օգտագործման դեպք չի հայտնաբերվել:
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 3 կազմակերպություններում՝ Լոռու մարզում գործող «Վիգեն Գրիգորյան» Ա/Ձ-ում, «Սեդրակ և Տիգրան» և «Տաշիր կաթ» ՍՊԸ-ներում հայտնաբերվել է քիչ քանակությամբ (105 կգ) անհայտ ծագման աղի օգտագործման դեպք (բացակայել են անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերը և մակնշումը), իսկ «Լոռվա կաթ» ՍՊ ընկերության կողմից օգտագործվող աղը կալիումի ֆեռոցիանիդ ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այդ ընկերությունների տնօրեններին տրվել են արտադրանքը արգելելու և օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր: