Ազգությամբ եզդի ակտիվիստը մեծարանքի է արժանացել ահաբեկչության ավելի քան 1,500 զոհերի փրկելու եւ «Իսլամական պետության» կողմից սեռական բռնության ենթարկված հարյուրավոր անձանց աջակցելու համար
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական և ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում և Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։
Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1.000.000 ԱՄՆ դոլարի պարգև, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացրել նաև 2019թ. «Ավրորա» մրցանակի մյուս երկու հերոսներին` եմենցի իրավապաշտպան և ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին և Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային, ինչպես նաև տրամադրել նրանց 50.000-ական ԱՄՆ դոլարի պարգև: