Իռլանդական Irish Examiner պարբերականը, հաշվի առնելով իրենց երկրի Ryanair ավիաընկերության Հայաստանի ավիաշուկա մտնելը, ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Ըստ իռլանդական պարբերականի՝ Հայաստանը «Կովկասի զարդն» է:
Լրատվամիջոցն ընթերցողներին տեղեկացնում է, որ Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է. Irish Examiner-ը Հայաստանի բազմաթիվ հիասքանչ վանքերի և եկեղեցիների շարքում առանձնացրել է Գեղարդն ու Նորավանքը: Պարբերականն անդրադարձել է Սևանա լճին և այլ ազգային պարկերի:
Irish Examiner-ը զբոսաշրջիկներին առաջարկել է նաև Հայաստան այցելելու դեպքում լինել Տաթևի վանական համալիրում և օգտվել աշխարհի ամենաերկար ճոպանուղուց:
Խոսելով մայրաքաղաք Երևանի մասին` Irish Examiner-ը նշել է, որ քաղաքի ճարտարապետությունը տպավորիչ է:
«Աշխույժ, պատմական մայրաքաղաք, որը հպարտորեն կրում է եվրասիական ժառանգությունը: Հայաստանի մայրաքաղաքը հարուստ է այնպիսի ճարտարապետությամբ, որն արժանի է տեղ գտնել զբոսաշրջային ուղեցույցներում»,- գրված է հոդվածում:
Irish Examiner-ը նաև նշել է, որ Երևանը հարուստ է բազմաթիվ ռեստորաններով ու սրճարաններով, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել: