ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի նամակի ոճը:
«Նամակագրական ժանրի այս ոճը ներառվելու է միջազգային դիվանագիտության կամ միջազգային հարաբերությունների մասին դասագրքերում: Սա է Միացյալ Նահանգների ոճը, քաղաքական համակարգի ոճը, գործընկերների հետ հարաբերությունների ոճը»,- ասել է Մարիա Զախարովան НТВ հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման ժամանակ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ Սիրիա Թուրքիայի ներխուժման օրը, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին գրել էր նամակ, որում կոչ էր արել հիմարություն չանել ու նախապես մտածել իր քայլերի մասին: Հայտնի է դարձել, որ Էրդողանն աղբաման էր նետել նամակը: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թրամփի նամակը «որևէ առնչություն չունի քաղաքավարության հետ»: