Այսօր Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Այս օրերին քաղաքն ակտիվ նախապատրաստվում էր ծննդյան տոնին: Առաջին բարդ գործը կարգախոսի ընտրությունն էր, որն էլ պետք է թելադրեր տոնի ընդհանուր տրամադրությունը: «Մի քանի կարգախոս էր քննարկվում: Ի վերջո ընտրեցինք «Սրտումս Երևան», քանի որ քաղաքի ցանկացած բնակիչ իր սրտում ունի Երևանը: Սա նաև սիրո յուրօրինակ խոստովանություն է»,- նշել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Այս տարի տոնը կհիշվի ու կնշանավորվի մանսուրյանական երաժշտությամբ: Մաեստրոյի ստեղծագործությունը, որը գրվել էր հատուկ պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար, արդեն ձայնագրված է, նկարահանվել է նաև տեսահոլովակը:
Ստեղծագործության հնչյունները լսվում են քաղաքի տարբեր անկյուններում: Դրանք պատշգամբ են հրավիրում մշակույթի հայտնի գործիչներին, արվեստագետներին, նաև պետական ու քաղաքական դեմքերին: Տեսահոլովակում նկարահանվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հոկտեմբերի 19-ի միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից: Վարչական յուրաքանչյուր շրջան կներկայանա իր բնակիչներին համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով: «Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
«Էրեբունի - Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ի երեկոյան: Ժամը 19:00-ից մինչև 22:00-ը վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր: Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է: Դասականների սիրահարներին Երևանը հրավիրում է Արաբկիր: Հայկական ջազի լեգենդները կլինեն Դավթաշենում: Ժողովրդական երգ ու պարով ձեզ կդիմավորի Էրեբունին, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում: Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում: Ազգագրական տրամադրությունը՝ Նորք-Մարաշում: Ռոքի հայ աստղերին լսելու համար պետք է Նուբարաշեն հասնեք, հեղինակ-կատարողներին լսելու համար՝ Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում: 22.00-ին Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ: