Հոկտեմբերի 16-17-ը Սոչիում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հովանու ներքո տեղի է ունեցել գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների ամենամյա խորհրդակցության 18-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Խորհրդակցության նպատակն էր միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող համընդհանուր դերի սկզբունքների պահպանության միջոցով խաղաղության և կայունության ձեռքբերումը:
Ավելի քան 80 պետությունների իրավասու գերատեսչությունների 125 պատվիրակությունները քննարկել և ներկայացրել են իրենց տեսակետները միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության առավել արդիական մեթոդների, միջազգային ահաբեկչության նորահայտ մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի արդի խնդիրների, ինչպես նաև՝ տեղեկատվական տիրույթների կիբերանվտանգության ապահովմանն ու ահաբեկչության հակազդեցության համակարգված մոտեցմանն առնչվող հարցերի շուրջ։
Նիստի ամփոփիչ և վերլուծական նյութերն ստանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթի կարգավիճակ: