Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել է, որ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պաշտոնից ազատելու խնդրանքով:
«Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։ Գտնում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են: Ինչպես նաև հավատացած եմ, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար։ Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ «Քաղաքաշինության բնագավառ» ասելով խնդրում եմ հասկանալ այն բառիս ամենալայն իմաստով՝ տարածական պլանավորումից մինչև կադաստր ու շինարարական թույլտվությունների համակարգ, հողային քաղաքականությունից մինչև պատմական միջավայրերում խոշոր միջամտությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները։