ԱՄՆ նախագահի անսպասելի խոստովանությունն այն մասին, որ թուրքական տարածքում պահվում են ամերիկյան միջուկային մարտագլխիկներ, ցնցել է միջազգային հանրությանը: Մինչև այժմ ԱՄՆ պաշտոնյաները հրապարակայնորեն չեն մեկնաբանել ԱՄՆ-ից դուրս միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ տեղեկությունները և չեն ընդունել, որ այդպիսի զինանոցներ գոյություն ունեն: Եվ ահա այժմ ԱՄՆ նախագահը մտահոգված է՝ կկարողանա՞, արդյոք, պահպանել հասանելիությունն այդ զենքին և երաշխավորել դրա անվտանգությունը:
Ըստ ամերիկյան անանուն աղբյուրի՝ «միջուկային մարտագլխիկներն այսօր նախագահ Էրդողանի պատանդներն են»: Փաստորեն, զենքը ոչ կարելի է դուրս բերել ռազմաբազայից, որովհետև դա վերջնականորեն կփչացնի Վաշինգտոնի և Անկարայի դաշնակցային հարաբերությունները, ոչ էլ, անվտանգության նկատառումներով, կարելի է թողնել զինանոցում՝ երկու երկրների միջև հասունացող հակամարտության պայմաններում: