Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր, որտեղ հետևել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձորում նախատեսված է իրականացնել 3 ծրագրեր.
• մանկական արվեստի դպրոցի շենքի կառուցում,
• մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում,
• համայնքի փողոցների հիմնանորոգում, մայթերի լայնացում:
Նշենք, որ շենքի կառուցման մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքման փուլում է:
Ծաղկաձորի արվեստի դպրոցն այժմ 67 սան ունի:
Ռոմանոս Պետրոսյանը նաև այցելել է Ծաղկաձորի մանկապարտեզ, որտեղ սուբվենցիայի շրջանակում իրականացվում են բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո մանկապարտեզն ունենալու է ընդարձակ բակ՝ մարզասարքերով հագեցած խաղահրապարակով:
Այստեղ ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր էր ամբողջ համայնքի համար, կառուցվելու են հենապատեր, լայնացվելու են մայթեզրերը:
Այժմ մանկապարտեզ է հաճախում 74 երեխա:
Շահած այս ծրագրի արժեքը 81.900.000 դրամ է: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50/50 տոկոս համաֆինանսավորմամբ:
Մարզպետը ծանոթացել է նաև Մայիսյան փողոցն ընդգրկող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Շահած պայմանագրի արժեքը 31.374.100 դրամ է, որից 14.118.345 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 17.255.755 դրամը (55%)՝ համայնքի: