Հայաստանի ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։
Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են, և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նկատի ունենալով նշված հանգամանքը՝ մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։