Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիիչի Հասեգավային, որը Հայաստանում է հոկտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցող «Գլոբալ ինովացիոն ֆորումի» շրջանակում:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ քաղաքական երկխոսությունը, որը դինամիկ զարգանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և դրա հիման վրա ձևավորված արդյունավետ համագործակցությունն ընդլայնման ներուժ ունի:
Կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) շրջանակում Հայաստանին տրամադրվող օժանդակության կապակցությամբ և նշել, որ իրականացվող համատեղ ծրագրերը նպաստում են տարբեր ոլորտներում հայ-ճապոնական կապերի զարգացմանը:
Էիիչի Հասեգավան շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և փոխանցել Ճապոնիայի վարչապետի բարեմաղթանքները Հայաստանի վարչապետին՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք բնագավառներում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ընթացքի, կրթության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում կապերի սերտացման հեռանկարների շուրջ:
Վարչապետը վերահաստատել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ուղղված՝ Հայաստան այցելելու իր հրավերը՝ նշելով, որ ուրախ կլինի հյուրընկալել գործընկերոջը և քննարկել հայ-ճապոնական արդյունավետ գործակցության հեռանկարները: