Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումն այս տարի իրականացվում է հոկտեմբերի 16-20-ը:
Տարին մեկ անգամ, Frankfurter Buchmesse-ը վերածվում է գաղափարների համաշխարհային մայրաքաղաքի: Միևնույն ժամանակ տոնավաճառը մեծ մշակութային իրադարձություն է. շուրջ 7500 ցուցադրողներ աշխարհի ավելի քան 100 երկրից, ավելի քան 285 հազար այցելու, շուրջ 4000 իրադարձություն, մոտ 10 հազար լրագրող ու բլոգեր ամեն տարի Frankfurter Buchmesse-ը դարձնում են տպագրության ոլորտում աշխարհի մեծագույն առևտրային տոնավաճառը:
Առաջին անգամ միջազգային հրատարակչական շուկայի ամենամեծ միջազգային տոնավաճառին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունն ու «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը՝ ի դեմս տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանի:
Մայր Աթոռի հրատարակչության վերջին մեկուկես տասնամյակում տպագրած շուրջ 350 անուն գրքերից երեք տասնյակը՝ աղոթագրքեր, քարոզգրքեր, հանրագիտարաններ, կենսագրական բառարաններ, ցեղասպանագիտական, եկեղեցագիտական և ճանաչողական գրքեր, ցուցադրվելու են Ֆրանկֆուրտում անցկացվող համաշխարհային խոշորագույն ցուցադրության ժամանակ: