Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Առանձնակի կարևորելով պրոֆեսորի ավանդը Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգի բարեփոխումների և համաշխարհային ճանաչումը նորարարական գաղափարների մշակման հարցում՝ քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Արա Դարզին իր ներդրումը կունենա նաև Երևանի առողջապահության համակարգի զարգացման գործում:
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Երևանի քաղաքապետարանում, և մենք ակնկալում ենք այս շփումների ու համագործակցության ապահովման շարունակականությունը: Ձեր գիտելիքների փոխանցումը, վստահ եմ, կարևոր դերակատարում կունենա ի նպաստ Երևանի առողջապահության համակարգի զարգացման»,- նշել է քաղաքապետը:
Լորդ Արա Դարզին իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ներդնելու՝ Երևանի առողջապահությանն օգտակար լինելու հարցում: