ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 14-17-ը տարածաշրջան կատարած իրենց այցելությունից հետո հայտարարություն են տարածել:
Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում հոկտեմբերի 15-ին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հոկտեմբերի 17-ին Բաքվում, և խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:
Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Երկու երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում իրենց վերջին երկխոսության մանրամասները և իրենց տեսլականը, թե ինչպես է հնարավոր առաջ մղել կարգավորման գործընթացը:
Համանախագահները ողջունել են մարդասիրական և անվտանգային յուրահատուկ միջոցառումների ձեռնարկման հեռանկարները՝ ուղղված հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածությունը թուլացնելուն:
«Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի հովանու ներքո, նրա մանդատին ու երկարատև փորձառությանը համաձայն, դիտարկման առաքելության ծայրահեղ անհրաժեշտությունը: Համանախագահները կողմերին կոչ են արել լիարժեք սատարել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի և նրա թիմի գործողություններին և ապահովել մոնիթորինգային առաքելությունների հնարավոր խոչընդոտների անհապաղ վերացումը:
Արտաքին գործերի նախարարները հաստատել են համանախագահների հովանու ներքո հանդիպման պատրաստակամությունը մինչև տարեվերջ:
Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ հանդիպելու ԵԱՀԿ մշտական խորհրդի և Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներին»,- նշված է հայտարարության մեջ: