ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ընդունել: Նախաձեռնության հեղինակներն են «Դեմոկրատական կուսակցության» անդամ Էլիոթ Էնջելը և «Հանրապետական կուսակցության» անդամ Մայքլ ՄըքՔոլը։ Նախագիծը պատժամիջոցներ է սահմանում այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Թուրքիայի կողմից Սիրիայում վարվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության հետ: Օրինակ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, գանձապետարանի նախարարի, նաև՝ ռազմաարդյունաբերության հետ կապ ունեցող բանկերի նկատմամբ։
Թուրքիային, այսպիսով, կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Օրինագիծը քննարկվել և քվեարկվել է: Դեմ է քվեարկել 60 հոգի, կողմ՝ 354-ը։ Ակնկալվում է, որ օրինագիծը կխոչընդոտի նաև մի շարք զինատեսակների վաճառքը Թուրքիային։
Ի դեպ, նախաձեռնությունը հետագայում կտեղափոխվի Կոնգրես։ Եթե կոնգրեսականներն էլ կողմ քվեարկեն օրենսդրական այս նախագծին, այն արդեն կհանձնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վավերացմանը: