Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը: Փայլանը նշել է, որ այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայում, ըստ ՄԱԿ-ի սահմանումների՝ տեղահանություն է և Ցեղասպանության փորձ:
«Ժողովրդագրության հետ խաղալը հանցանք է: Իսրայելն էլ նույն փաստարկներով զավթում է Պաղեստինի տարածքները»,- ասել է Փայլանը:
Կարո Փայլանի խոսքերն ամենակոշտը քննադատել է մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը: «Անե՛ծք այդ խոսքերին: Թուրքիան իր պայքարը տարածաշրջանի խաղաղության, Սիրիայի հյուսիսում բնակվող մարդկանց բարօրության և անվտանգության համար է մղում»,- ասել է Աքչայը: