Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «1lurer.am»-ին տեղեկացրին, որ Արտաշատի դպրոցներում հայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք` չոր թխվածքաբլիթ, իսկ ճաշարանում՝ մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող նեկտար, բուսական յուղ պարունակող թթվասերային մթերք և յոգուրտային արտադրանք:
Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի բուֆետում և ճաշարանում նույնպես արձանագրվել են խախտումներ: Հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած և թերի մակնշմամբ շոկոլադե սալիկներ, չոր թխվածքաբլիթ, եգիպտացորենի բոված հատիկներ, պիտանիության ժամկետն անցած մածուն և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող հավի մսեղիք: Ճաշարանը չի ունեցել նաև օդափոխման համակարգ և հանդերձարան: Այստեղ հայտնաբերվել է նաև մսի սպանդանոցային ծագումը հավաստող՝ ձև 5 կեղծված անասնաբուժական վկայական:
Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցի բուֆետը (վարձակալության է տրված Ա/Ձ Անահիտ Վարդանյանին) ՍԱՏՄ տեսուչների այցելության պահին չի գործել: Ճաշարանում, որտեղ աշակերտներին տրամադրվում է նաև տաք սնունդ, հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած մածուն և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող հավի մսեղիք: Բացակայել են օդափոխման համակարգը, միջատապաշտպան ցանցերը և հանդերձարանը:
Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի (այստեղ սովորող աշակերտների մոտ է հոկտեմբերի 15-ին արձանագրվել ինքնազգացողության վատացում) բուֆետը (վարձակալության է տրված Ա/Ձ Անահիտ Վարդանյանին) ՍԱՏՄ այցելության պահին կապարակնքված է եղել ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Ճաշարանը և ճաշասենյակներն ունեն վերանորոգման կարիք, ճաշարանը չի ունեցել օդափոխման համակարգ, միջատապաշտպան ցանցեր, ճաշասենյակները՝ լվացարաններ:
Պիտանիության ժամկետն անցած բոլոր մթերքները Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում ոչնչացվել են, իսկ թերի մակնշմամբ և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող մթերքների համար տրվել են իրացումը կասեցնելու կարգադրագրեր: Տրվել են նաև թերությունները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին, սննդային թունավորում ախտորոշմամբ, Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: