Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնում» ծրագրի շրջանակներում «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին և Իրանի արտահանման զարգացման բանկի, ինչպես նաև SUNIR International FZE ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրան-Հայաստան 400 կվ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի ընթացքին առնչվող մանրամասներին:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ներկայացուցիչները, իրազեկելով ծրագրի ընթացքի մասին, նշել են, որ նախատեսված է հաջորդական քայլերի միջոցով իրականացնել մի շարք միջոցառումներ՝ Ասիական զարգացման բանկի ծրագրով նախատեսված «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցուման աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Սուրեն Պապիկյանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» պատասխանատուներին հանձնարարել է կազմել լուծումների պարզեցման ճանապարհային քարտեզ՝ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներն անհապաղ և արդյունավետ կերպով վերացնելու նպատակով, սահմանելով աշխատանքների կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև հետևողականորեն շարունակել հսկողությունը, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի («Նորավան») կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան: