Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով իրենց ծառայողական պարտքը կատարելիս այսօր առավոտյան զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանը (հետմահու) և վիրավորում ստացած ոստիկան Ա.Հ.-ն ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած խիզախության համար պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:
«Նման լպիրշ, հանդուգն հանցագործությունը Հայաստանի դատախազությունը համարում է հարված նաև իր նկատմամբ՝ անհանդուրժելի համարելով պետական ծառայողի՝ դրանով իսկ պետության հանդեպ նմանատիպ որևէ ոտնձգություն, անգամ նման ոտնձգության որևէ փորձ: Նման դրսևորումները որևէ արդարացում ունենալ չեն կարող և պետք է ոչ միայն խստագույնս դատապարտվեն իրավապահ մարմինների և ամբողջ հասարակության կողմից, այլ նաև պետական և հասարակական ինստիտուտների կողմից իրականացվեն դրանից բխող՝ հանրային համապատասխան վարքագծի ձևավորմանն ուղղված համատեղ միջոցառումներ»,- նշված է դատախազության հայտարարությունում: