Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր, ամերիկյան Associated Television International ֆիլմարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄաքՔենզիին և փառատոնի համահիմնադիրների ու կազմակերպիչների խմբին:
Հյուրերը նախագահին տեղեկացրել են «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում անցկացվող «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնի մասին, որը նվիրված է մարդու իրավունքներին և մարդասիրական սկզբունքների պահպանմանն ու զարգացմանը։ Նրանք ներկայացրել են նաև իրենց ապագա ծրագրերը՝ նշելով, որ նախատեսում են փառատոնը կազմակերպել ամեն տարի և դրա միջոցով աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի և, ընդհանրապես, մարդասիրության վրա:
Դեյվիդ ՄաքՔենզին հայտնել է, որ փառատոնի հատուկ մարդասիրական մրցանակը (Humanitarian Award) որոշվել է շնորհել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում կառավարության խաղաղ տրանսֆորմացիային մեծապես աջակցելու, ինչպես նաև հումանիտար գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար: Նա նախագահ Սարգսյանին է փոխանցել մրցանակի հավաստագիրը: