asromacalcio.com կայքը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մոտ է շարք վերադառնալուն: Ըստ տեղեկությունների՝ իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը հազիվ թե հասցնի վերականգնվել մինչև «Սամպդորիայի» հետ Ա սերիայի հաջորդ տուրի խաղը:
«Մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի», ինչպես նաև Ա սերիայի 9-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղերին, որոնք կկայանան հոկտեմբերի 24-ին և 27-ին համապատասխանաբար»,- գրում է կայքը:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին և լքել է խաղադաշտը։
Ավելի ուշ հայ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար առբերիչ մկանի մասնակի վնասվածք։