ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ։
Մարգարյանը խորին մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման հումանիտար հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչության տեղահանման կապակցությամբ։
Մհեր Մարգարյանը հատկապես ընդգծել է ռազմական գործողությունների հետևանքով սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար առաջացած սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային ոճրագործության վտանգը։ Հայաստանի դեսպանի կողմից շեշտվել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում հումանիտար գործողություններ իրականացնելու և աջակցություն ցուցաբերելու կարևորությունը՝ վերահաստատելով Երևանի պատրաստակամությունը շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին։