Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, և բարձրաստիճան մակարդակի պաշտոնական հանդիպումները վկայում են ՀՀ-ԵՄ արդյունավետ երկխոսության, համագործակցության դինամիկ ընթացքի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերն է մեր երկրում լայն թափ ստացած բարեփոխումների գործընթացում, և Կառավարությունը հաստատակամ է տարբեր ոլորտներում առանցքային բարեփոխումները շարունակելու հարցում:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն ևս կարևորում է Հայաստանի հետ գործընկերության սերտացումը և պատրաստակամ է շարունակելու օժանդակել Հայաստանի վարչապետին, Կառավարությանը՝ ժողովրդավարության ամրապնդմանը միտված բարեփոխումներում:
Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում բանակցային գործընթացին:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված քայլերը և նշել, որ Եվրամիությունը սատարում է խաղաղ բանակցությունների ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: