Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լիբիան սպառնում է դառնալ ահաբեկիչների գլխավոր հենակայանը Հյուսիսային Աֆրիկայում, որտեղից էլ կտարածվի մյուս երկրներ:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը բացատրել է. «Լիբիական կողմերի միջև շարունակվող բուռն դիմակայությունը հանգեցրել է նրան, որ այս երկրում պահպանվում է անվտանգության վակուում, և այդ պայմաններում գլուխ են բարձրացնում ահաբեկչական խմբավորումները, այնտեղ են շտապում գրոհայիններն Իրաքից ու Սիրիայից»:
2011-ին Լիբիայում սկսված քաղաքացիական պատերազմի ժամանակ տապալվեց և սպանվեց Մուամար Քադաֆին, որը երկիրը ղեկավարում էր 1969 թվականից: Ի հետևանք՝ երկիրը հայտնվեց երկիշխանության վիճակում. Արևելքում՝ Տոբրուկ քաղաքում, կառավարում է խորհրդարանը, արևմուտքում՝ Տրիպոլիում, ազգային համաձայնության կառավարությունը: