Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ryanair-ը պաշտոնապես հայտարարել է, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից՝ նաև Բեռլինից Երևան:
«Եվ, որ ավելի կարևոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ:
Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան և հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման»,- գրել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրել է, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, Կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ:
«Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական և օտարերկրյա ավիաընկերությունները: Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»,- հավելել է Կառավարության ղեկավարը: