ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով՝ ստուգումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում: Արարատի մարզային կենտրոնի և Երևանից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի որակը՝ ըստ «Սննդամթերքի անվատանգության մասին» ՀՀ օրենքի պահանջների:
Գործընթացը կլինի շարունակական. մինչև տարեվերջ՝ վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի ու Երևանի դպրոցներում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ սննդային թունավորում ախտորոշմամբ՝ Արտաշատի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտներ: ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի արտադրած և մատակարարած նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Դպրոցի բուֆետում առկա պիցցայից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Թեև մատակարարի մոտ տվյալ սննդատեսակի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ, վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում: