Երևանում կայացել են Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը:
«Կարևոր է արձանագրել` երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձևավորումը: Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Հարգելի պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում: Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր նախնիների առաջ, որոնք դրել են մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հիմքը: Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաև մեր քաղաքացիների վրա: Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բարձր, սակայն մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք»,- նշել է Գիորգի Գախարիան:
Առանձնազրույցի ընթացքում վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում` առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության զարգացմանը վերաբերող թեմաների:
Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ:
Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը և գոհունակություն հայտնել վերջերս տեղի ունեցած նիստի արդյունքներից:
Կողմերը առանձնակի շեշտել են ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, մասնավորապես, Գոգավան-Գուգութի և Բավրա-Նինոծմինդա ավտոճանապարհների վերակառուցման ուղղությամբ: