Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովում ունեցած ելույթում բոլոր խորհրդարանականներին կոչ է արել բարձրացնել իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:
«Հարգելի գործընկերներ, հենց այս պահին, երբ մենք նստած ենք այս լիագումար նիստերի դալիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Կամիշլիում և Սիրիայի այլ քաղաքներում մարդիկ վտանգի տակ են նույն կերպ, ինչ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում 2014 թվականին»,- հայտարարել է Միրզոյանը:
ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ ճակատագրի հեգնանքով այս արհավիրքները տեղի են ունենում այն նույն տեղում, նույն աշխարհագրական տարածքում, որտեղ հողի և ավազի մեջ են 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները:
«Եվ ես՝ որպես մի ազգի ներկայացուցիչ, որն ականատես է եղել և վերապրել է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը, կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին բարձրացնելու իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի խոսնակը կոչ է արել Վեհաժողովի անդամներին գործողությունների դիմել և Թուրքիայից անհապաղ պահանջել դադարեցնել ռազմական գործողությունը: