Հայաստանի ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացնում ոստիկանության ծառայողի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ դարձյալ կեղծ փաստաթղթեր։
Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է այդ անձանց ինքնությունը։ Նրանք հայտնվել են ոստիկանների օպերատիվ տեսադաշտում։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդիկ կեղծ փաստաթղթերը պատրաստել են նախնական համաձայնությամբ՝ դրանցով ֆինանսական գործարքներ կատարելու համար։
Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ նրանք հոկտեմբերի 11-ին Արաբկիր վարչական շրջանում պետք է հանդիպեին՝ հերթական գործարքը կատարելու համար։ Հանդիպել են, բայց գործարքը չի կատարվել, քանի որ ոստիկանության ծառայողները նրանց բերման են ենթարկել Արաբկիրի բաժին։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ խուզարկվել է նրանցից մեկի վարած BMW մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել են ոստիկանության ծառայողի կեղծ վկայական, աշխատավարձի չափի մասին կեղծ փաստաթուղթ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։