Խորհրդարանական ուժերն արձագանքել են Ազգային ժողովի դիմումը վարույթ չընդունելու՝ Սահմանադրական դատարանի որոշմանը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝ իրենց համար կանխատեսելի էր, որ վարույթ չէր ընդունվի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Թե որո՛նք են լինելու հետագա քայլերը, իշխող ուժի ներկայացուցիչը չի մանրամասնել: Պատգամավորն ընդգծել է՝ դրանք երկար սպասել չեն տա։ Խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» կարծիքով էլ փաստերի անհիմն լինելն ու ժամկետների խախտումն է պատճառը, որ ՍԴ-ն վարույթ չի ընդունել։ «Լուսավոր Հայաստանը», որը սատարել էր «Իմ քայլի» նախագծին, այսօր հրաժարվել է մեկնաբանել ՍԴ որոշումը՝ հայտարարելով՝ սպասում են որոշման հիմքերի հրապարակմանը։