Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Նախ ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել եղբայրական Վրաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Մեծարգո պարոն վարչապետ, բարով եք եկել Հայաստան: Կարևոր և արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները, որոնք ևս մեկ անգամ փաստեցին հարաբերությունների առկա բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք ցուցաբերած պատրաստակամությունը։ Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը: Պետք է նշեմ, որ մեր երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը: Վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում իրագործել հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները: Շատ կարևոր էր, որ նիստի շրջանակում անցկացվեց նաև հայ-վրացական գործարար համաժողով, ինչն իր հերթին կարող է լայն հնարավորություններ բացել մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության համար։
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը։ Այս առումով համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից։ Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին։
Համակարծիք էինք, որ դրանց համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է, և, հետևաբար, լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից: Այս առումով կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը»։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ գործընկերոջ հետ պայմանավորվել են խորացնել ու ընդլայնել բարեկամությունը:
«Իհարկե, մեր երկու երկրների միջև ամենանշանակալի չափումը տնտեսությունն է. այստեղ մենք լավ առաջընթաց ունենք: Խոսել ենք տրանսպորտի մասին, էներգակիրների հարցում համագործակցության հարցեր ենք քննարկել, մշակութային բնագավառում ևս համագործակցելու շարունակական ուղի ենք նախանշել: Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և համակարծիք ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում ամենակարևոր բանն է, որպեսզի տնտեսությունը զարգանալու հնարավորություն ունենա, իսկ մեր ժողովուրդները կարողանան լավ ապրել: Հայաստանն աջակցում է մեզ տարածքային ամբողջականության հարցում, ինչը շատ կարևոր է մեզ համար, և շնորհակալ ենք: Կարծում եմ՝ պիտի այս դրական դինամիկան պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում: Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ևս մեկ առաջընթաց քայլ կլինի մեր երկու երկրների համագործակցության խորացման համար»,- նշել է Գախարիան: