Իտալիան առաջիկա ժամերին կարգելափակի Թուրքիային զենքի մատակարարումը՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի ռազմական գործողության հետ։ Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտգործնախարարների նիստի շրջանակում, Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն հետևյալն է հայտարարել. «Առաջիկա ժամերին Իտալիայում կպատրաստվի փաստաթուղթ, որն իբրև արտգործնախարար՝ ես կստորագրեմ: Դրանով կարգելափակվի զենքի արտահանումը Թուրքիա»,- ասել է նախարարը:
Լուրն արդեն պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ Իտալիային է միացել նաև Չեխիան: Թուրքիային զենք չվաճառելու մասին այդ երկրում հայտարարությամբ է հանդես եկել ՆԳ նախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիային զենք չվաճառելու, չմատակարարելու, արտոնագրեր չտրամադրելու որոշումների մասին էին հայտարարել նաև Շվեդիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները: