2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող՝ հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Ընդ որում՝ 2018-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Իսկ ամենակարևորն այն է, որ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում. 2019-ի ընթացքում 39 մահվան դեպքերից, օրինակ, զինվորական ծառայության հետ կապված է եղել 16-ը:
Դրանցից՝
3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ,
4-ը՝ սպանություններ,
5-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր,
1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար,
1-ը՝ հիվանդություն,
2-ը՝ դժբախտ պատահար:
Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապված մահվան 27 դեպք: Այսինքն՝ 2019-ին, ընդհանուր առմամբ, զինծառայության հետ կապված մահացության դեպքերը նվազել են 40.7%-ով:
2018-ի 9 ամիսների պատկերը, ըստ մահվան պատճառների, եղել է հետևյալը.
7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (այս տարի նվազումը՝ 4-ով կամ 57%-ով),
1-ը՝ սպանություն (ավելացումը՝ 3-ով),
8-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր (նվազումը՝ 37.5%-ով),
2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար (նվազումը՝ 1-ով կամ 50%-ով),
3-ը՝ հիվանդություն (նվազումը՝ 2-ով կամ 66.6%-ով),
1-ը՝ դժբախտ պատահար (ավելացումը՝ 1-ով կամ 50%-ով),
1-ը՝ ականի պայթյուն (նվազումը 1-ով կամ 100%-ով),
3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտում (նվազումը՝ 3-ով կամ 100%-ով),
1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում (նվազումը՝ 1-ով կամ 100%-ով):
2019-ի առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք: Ցավոք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր զինծառայության հետ չկապված մահվան նույնքա՛ն դեպք: Ըստ պատճառների՝ պատկերը հետևյալն է.
8-ը՝ հիվանդություններ (2018թ. 9 ամիսներին՝ 9 դեպք),
12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթար (11 դեպք),
3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել (0 դեպք)
0՝ դժբախտ պատահար (3 դեպք):
Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը պայմանավորված է մի կողմից՝ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից՝ զինվորական ստորաբաժանումներում սպայակազմի և անձնակազմի միջև ուղղղահայաց, ինչպես նաև՝ զինծառայողների միջև հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցագործություններ ծնող պատճառների չեզոքացման ուղղություններով՝ քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ: