ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարել է, որ փախստականների համաձայնագրի համատեքստում Անկարային նյութական աջակցություն է տրամադրվում այն նպատակով, որպեսզի սիրիացի փախստականները հենց Թուրքիայու՛մ մնան: Բայց եթե Անկարան մտադիր է փախստականներին բնակեցնել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտում՝ ԵՄ օժանդակությունն անիմաստ է դառնում:
«Թուրքիան պետք է հետևի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի սահմանած չափանիշներին»,- ասել է խոսնակը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ այդ երկրի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունները պատճառ են դառնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճին և իրավիճակի վատթարացմանը:
Կոսիյանչիչի խոսքով` եթե Թուրքիան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, չպետք է հեռանա ԵՄ արտաքին քաղաքականությունից:
«Վերջին զարգացումները շատ լուրջ են, այդ պատճառով էլ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկելու ենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների թեման»,- ասել է նա: