Իրացման ցանցում սպանդանոցային ծագման միս-մսեղիքի իրացումը խրախուսելու գործընթացի շրջանակներում՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել թարմ մսի և ենթամթերքի վաճառքով զբաղվող տնտեսավարողները, մասնավորապես՝ Երևանի թիվ 2՝ ԳՈՒՄ-ի, շուկայի հարակից տարածքի և Խորենացու փողոցում գործող մսի տաղավարների ներկայացուցիչները, ինչպես նաև «Ծիրան», «Էվրիկա», «Երևան սիթի», «Նոր զովք» սուպերմարկետների մսի մատակարարները: Տեսչական մարմնի պատասխանատուները ներկաների հետ քննարկել են այս տարվա ընթացքում սպանդանոցային ծագման մսի իրացմանն անցնելու ճանապարհներն ու հնարավորությունները:
ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը տեղեկացրել է, որ այս պահին Երևանում և մայրաքաղաքին հարակից մարզերում գործում են բավարար քանակով սպանդանոցներ, որոնք ի վիճակի են ապահովելու թե՛ մայրաքաղաքի, թե՛ այդ մարզերի համար անհրաժեշտ թարմ մսի պահանջարկը: Նա տնտեսավարողներին հորդորել է արդեն այսօրվանից սկսել երկկողմ (սպանդանոց-վաճառակետ) կամ եռակողմ (սպանդանոց-մատակարար-վաճառակետ) պայմանագրերի կնքման և սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման գործընթացը:
Տեղեկատվական պիտակներ և հավաստագրեր արդեն տրամադրվել են «ՍԱՍ գրուպ», «Սթեդի Ռեդի» («Արտ Լանչ»), «Սպարապետ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթս ԷյԱմ» (Քարֆուր) ընկերություններին և «Դավիթ Մխիթարյան» Ա/Ձ-ին, ինչը փաստում է, որ այդ կազմակերպությունների կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչը ստուգել է, և այդտեղ իրացվող միսն ունի սպանդանոցային ծագում: