Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ) փոխտնօրեն Սերգեյ Շուլյակի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուղևորատար փոխադրամիջոցների մատակարարման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի համայնքները գյուղատնտեսական և բեռնատար տեխնիկայով ապահովելու գործում ՄԱԶ գործարանի հնարավոր ներգրավվածության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս արտադրանքը Հայաստանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի երկրներ արտահանման հնարավորություններին։
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ում մեքենասարքավորումների հավաքման գործարանային արտադրություն հիմնելու հնարավորությունների շուրջ։
Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի տրանսպորտային համակարգի արդիականացման նպատակով հանրապետության համայնքների պայմաններին համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավման հնարավորությունները։