Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետների գլխավորած պատվիրակությանը:
«Ես բարձր եմ գնահատում ձեր ավանդը և շարունակական ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և ամրապնդման գործում: Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության և հարգանքի խոր զգացումները»,- ասել է Մնացականյանը:
Նախարարը ֆրանսիական պատվիրակության խնդրանքով անդրադարձել է Հայաստանում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների լայն օրակարգին՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը և դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացումը:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, որոնք օգտվում են մարդու անօտարելի իրավունքներից, իսկ մարդկային շփումները դրանց անքակտելի մասն են կազմում։