Այսօր քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ Երևանը կարողացել է հաղթահարել աղբահանության հետ կապված խնդիրը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք աշխատեցին այս ամիսների ընթացքում, և հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը Երևանում, մասնավոր կազմակերպություններին ու այլ քաղաքների գործընկերներիս, որոնք կանգնած էին մեր կողքին անշահախնդիր ու ամեն ինչ անում էին քաղաքի համար: Անչափ շնորհակալ եմ նաև քաղաքի բնակիչներին, որոնք համբերատար սպասում էին խնդրի լուծմանը: Ես զգացի այդ համախմբվածությունը, այդ ջերմությունը, որ ցուցաբերում էին նրանք: Եվ սա ևս մեկ անգամ ավելի ուժեղացրեց մեր քաղաքը: Սա շատ կարևոր հաղթանակ էր ոչ թե մեզ, այլ մայրաքաղաքի համար: Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթած դուրս գալ»,- նշել է քաղաքապետ Մարությանը: