Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-ից 9-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, որոնց կմիանա նաև Տիգրան Մանսուրյանը։
Սա աշխարհում առաջին փառատոնն է, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ մեկ տեղում տեսնելու բազմաթիվ աշխարհահռչակ կոմպոզիտորների մի ամբողջ աստղաբույլ: Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին, որի ընթացքում կներկայացվեն հեղինակի ստեղծագործությունները։ Ընդ որում, կոմպոզիտորների գործերը կկատարեն աշխարհում մեծ հռչակ ունեցող մենակատարներ:
Առանձին անդրադարձ կլինի նաև վրաց մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին, որը մեկ ամիս առաջ հրաժեշտ տվեց կյանքին և չհասցրեց ներկա լինել փառատոնին:
Համերգային ծրագրերը կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։