ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանը ծնվել է Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 17 տարեկանում, ծնողների հետ մշտական բնակության է տեղափոխվել ԱՄՆ։ Օտար երկրում ինտեգրվելու, լեզուն սովորելու, կրթություն ստանալու ճանապարհն այժմ հիշում է ժպիտով։ Ասում է՝ տատի խոսքերն են մշտապես առաջնորդող եղել՝ երբեք չընկրկես, անհնարին բան չկա։ Ինքը՝ դատավոր Աշվանյանը նույնպես վստահ է՝ ամեն ինչ հնարավոր է կյանքում, միայն ցանկանալ ու ջանալ է պետք։ Ինչպես ինքը օտար միջավայրում մտադրվեց դառնալ մեկը, ում կհաջողվի որևէ կերպ «փոխել կյանքը», օգնել մարդկանց, նաև՝ կարծրատիպեր կոտրել։ Եվ հաջողեց։ Տարիներ շարունակ աշխատել է իբրև դատախազ՝ քննելով փողոցային կազմակերպված հանցագործությունների ծանր գործերը։ Զբաղվել է Լոս Անջելեսի «քրեական» թաղամասերում կազմակերպված բանդաների ծանր հանցագործություններով ու հաջողության հասել իր կամքի, խառնվածքի ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Արդյունքը՝ գրեթե անհավանական թվացող նշանակումն էր Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում՝ նահանգապետ Ջերի Բրաունի կողմից։ Էմի Աշվանյանը միակն է, որը, ունենալով հայաստանյան ծագում և ներգաղթյալի կենսագրություն, նշանակվել է բարձր պաշտոնում։ Այժմ նա դասավանդում է իրավաբանական համալսարանում, որտեղ ոչ միայն ուսուցանում է առարկան, այլև կյանքի մեծ դաս է տալիս՝ սեփական ուժերին հավատալ, դժվարություններից չվախենալ ու շատ աշխատել, քանի որ «․․․կյանքում ոչինչ անհնար չէ»։ Էմի Աշվանյանը սերտ կապեր է պահպանում Հայաստանի հետ։ Տարիներ առաջ մասնակցել է իրավական բարեփոխումների ծրագրին։ Բացի այդ, ամեն ամառ դստեր և որդու հետ գալիս է հայրենիք։ Ասում է՝ ուրախ եմ, որ նրանք էլ են կապվել Հայաստանին․ ամեն անգամ չեն ուզում հետ վերադառնալ։ «Նրանք հայ են ու չպետք է մոռանան՝ որտեղից են սերում»։