Նախագահ Էրդողանը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքին կողմնորոշվել՝ պաշտպանո՞ւմ է Թուրքիային հակաահաբեկչական պայքարում, թե՞ ոչ: Դաշինքի Հավաքական անվտանգության կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ մեկ երկրի վրա հարձակումը համարժեք է բոլոր անդամների վրա հարձակման: Իսկ Թուրքիան, ըստ նրա ղեկավարի, այսօր ահաբեկչական կազմակերպության սպառնալիքի տակ է, հետևաբար ՆԱՏՕ-ն պետք է Թուրքիայի կողքին լինի: Այստեղ Էրդողանը դիմել է սադրանքի. չստանալով դաշինքի հստակ պատասխանը՝ թուրքերը, իբր, սկսում են մտածել, թե պատճառը ՆԱՏՕ-ում Թուրքիայի միակ մահմեդական երկիր լինելն է: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, իր հերթին, նշել է, որ չպետք է վտանգվեն ինչպես «ընդհանուր թշնամու դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները», այնպես էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու միասնությունը: