Սասունիկ համայնքում մեկնարկել է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» գործարար համաժողովը: Ներկայացվել են 3 տասնյակ գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կենտրոնական բանկը 2019թ. առաջին 9 ամիսներին իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում, ինչի արդյունքում այս տարի, դեկտեմբերի 31-ի դրությամբ, կարձանագրվի միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը:
«Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք մոտ 7% տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է, բավական բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում և ընդհանրապես՝ ամբողջ եվրոպական տարածքում: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են և կարող են դառնալ իրականություն: Այս մասին եկավ վկայելու նաև եվրոբոնդերի նոր թողարկման հաջողությունը, որը Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի առումով չափազանց կարևոր էր: ՀՀ-ում այս տարի, դեկտեմբերի 31-ի դրությամբ, Երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: Սա կարևոր արդյունք է, որը վկայում է մեր երկրի ֆինանսական կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում, առաջին երեք եռամսյակների տվյալներով, Կենտրոնական բանկՆ իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում»,- ասաց Փաշինյանը: