Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչությունը տագնապով է հետևում Սիրիայում ընթացող զարգացումներին և Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժմանը։ ՀԲԸՄ-ի տարածած հայտարարությունում նշվում է, որ կազմակերպության տեղական կառույցներից ու համայնքներից ստացվող տեղեկությունները մատնանշում են ահագնացող հումանիտար ճգնաժամի և փախստականների նոր ալիքի մասին։ ՀԲԸՄ-ն անհապաղ արձագանք է պահանջել միջազգային հանրության և մարդասիրական կազմակերպությունների կողմից։
«Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունները, որտեղ կոչ է արվում միջազգային հանրությանն՝ անհապաղ գործել տարածաշրջանում խաթարված միջազգային խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ:
Իբրև ներկայիս Թուրքիայի վարչախմբի նախորդների կողմից 1915 թվականին իրագործված Հայոց Ցեղասպանությունը վերապրածների սերունդներ` մենք քաջ գիտենք, թե որքան մարդկանց կյանքեր կարող է խլել այսպիսի ագրեսիան։ ՀԲԸՄ-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին անմիջապես վերջ դնել ներխուժմանը և ագրեսիային Սիրիայի ժողովրդի նկատմամբ, որը զարհուրելիորեն նման է Օսմանյան կայսրության կողմից գրեթե մեկ դար առաջ իրականացված որոշ գործողություններին»,- նշված է հայտարարությունում։