Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ «Իրանի ազգային նավթընկերության անցկացրած հետաքննության համաձայն՝ ուրբաթ առավոտյան իրանական լցանավը երկու անգամ և երկու հրթիռների կողմից է հարձակման ենթարկվել Կարմիր ծովի արևելյան շրջանում»: Այսպիսով՝ Իրանը պաշտոնապես է հերքել «հնարավոր տեխնիկական խնդրի» վարկածը՝ կատարվածը շատ հստակ «արկածախնդիրների կողմից կազմակերպված հարձակում» որակելով: Մտահոգություն հայտնելով մեծ քանակությամբ նավթի արտահոսքի և տարածաշրջանի ջրերի աղտոտման առիթով՝ Մուսավին շեշտել է, որ «դեպքի հետաքննությունը շարունակվում է, և արդյունքները կհրապարակվեն առաջին իսկ հնարավորության դեպքում»:
Ի դեպ, արաբական լրատվամիջոցները մտավախություն են հայտնել, որ եթե վերջին հարձակումն ընդունվի որպես «սաուդիներից եկած ագրեսիա իրանական կողմի դեմ», այնլուրջ հարված կհասցնի Իրանի հետ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի՝ առանց այն էլ լարված հարաբերություններին: Եթե Իրանի և Սաուդյան Արաբիայի աշխարհաքաղաքական առճակատումը շարունակվի, տարածաշրջանում լարվածությունն էլ ավելի կխորանա: