Օշականում, Թարգմանչաց տոնի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Ներկաները սկզբում ծաղիկներ են խոնարհել Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Կանթեղ»-ի են արժանացել Ռուսաստանից՝ Նինա Գաբրիելյանը, Լեհաստանից՝ Կալինա Իզաբելա Զիոլան, Վրաստանից՝ Մաղվալա Գոնաշվիլին, Ուկրաինայից՝ Օլեքսանդր Բոժկոն, Հայաստանից՝ Թադևոս Խաչատրյանը, Գրիգոր Ջանիկյանը և Ջուլիետ Ղազարյանը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ, առաջին անգամ, «Թարգմանչաց տոնը» նշվում է որպես միջազգային տոն:
Թարգմանչաց տոնը Հայաստանում սահմանված պետական տոն է՝ նվիրված Հայ Գրերի գյուտին, Թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: