Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա են եղել «Երևան, իմ սեր» հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռք բերած չորս երիտասարդների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությանը:
Ծրագրին մասնակցել է կենտրոնում բուժվող 11 երիտասարդ:
Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել ուշադրությունը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հայրենիքը պաշտպանելիս իրենց կյանքն են վտանգել, նրանցից ոմանք վիրավորվել են, առողջական խնդիրներ ձեռք բերել։
«Նրանց մեջ կան շատ երիտասարդներ, որոնք թոշակ են ստանում, սակայն այն չի կարող բավարարել երիտասարդ մարդուն։ Խնդիրը նրանց նորմալ կյանք վերադարձնելն է, և ես ուրախ եմ, որ նրանցից մի քանիսն այսօր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում։ Փայլուն և տաղանդավոր մարդիկ են, նվիրված աշխատում են ու հոյակապ արդյունքներ ունեն»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել տղաներին և նշել, որ դասընթացների մասնակիցները «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից որպես նվեր ստանալու են լուսանկարչական ապարատներ: