ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում երրորդ օրն է՝ հրդեհավտանգի մասին նախազգուշացում է տրվում: Դրան նպաստում են ժամում 110 կմ արագությամբ շարժվող քամին և շատ ցածր խոնավությունը: Էլեկտրալարերի կտրվելու վտանգից խուսափելու համար էներգետիկ ընկերությունները էներգամատակարարումից անջատել են հարյուր հազարավոր տներ։ Սակայն հրդեհներից խուսափել չի հաջողվել: Մի շարք շրջաններում հրդեհի օջախներ են առաջացել: Հարավային Կալիֆոռնիայի Կալիմեսա քաղաքում այրվել են 76 շարժական տներ։ Կրակի դեմ հրշեջները պայքարում են ցամաքից և օդից՝ օգտագործելով 6 ինքնաթիռ և 8 ուղղաթիռ: Իրականացվում է բնակիչների տարհանում: Հրդեհը սպառնում է նաև Սիլմար և Մորագա քաղաքներին: Այստեղ վտանգավոր գոտում է հայտնվել 140 տուն: