«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ կազմակերպվել էր հակածխախոտային օրինագծի վերաբերյալ քննարկում։
«Օրենքով տարբեր սահմանափակումներ են լինելու ծխելու վայրերի, վաճառքի, ցուցադրության և այլնի հետ կապված»,- հայտարարել է Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ հակածխախոտային օրենքն ընդունելու համար Հայաստանը բավականաչափ հասունացել է, ավելին՝ անգամ ուշացել է:
«Մեզ նման զարգացվածության աստիճան ունեցող երկրներում վաղուց այս օրենքներն ընդունված են, և մարդու առողջությունը դրված է հենց առաջին տեղում. տնտեսական առումով էլ դրանք բերում են միայն դրական էֆեկտի»,- նշել է նախարար Թորոսյանը։
Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ օրենքի նախագիծն ԱԺ-ում է, և ներքին քննարկումներ են տեղի ունենում։ Թորոսյանը հույս է հայտնել, որ օրենքը կընդունվի մինչև այս նստաշրջանի ավարտը, բայց եթե չստացվի, ապա առնվազն մյուս նստաշրջանի սկզբում դա կլինի։