Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքում և հարակից՝ «Վարդավառի» զբոսայգում, թաղապետարանն ու Երևանի ավագանին, տարիներ շարունակ, մի շարք տարածքներ են օտարել կամ վարձակալությամբ հանձնել նախկին թաղապետ՝ ՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներին։
2009 թվականի մայիսի 29-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշել է բնակչության հանգստի կազմակերպումն ապահովելու համար «Վարդավառ» զբոսայգու ու լճի զբաղեցրած տարածքը կառուցապատման իրավունքով, 99 տարվա վարձակալությամբ, հանձնել «Բիդեք» ՍՊԸ-ին։ 18 հազար քառակուսի մետր տարածքը հանձնվել է վարձակալության՝ տարեկան 620.000 դրամով, ինչը տարածքի կադաստրային արժեքի ընդամենը 1 տոկոսն է կազմում։ «Բիդեք» ընկերության բաժնեմասի 75 տոկոսը պատկանում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ Այս ընկերությունը հիմնականում իրականացնում է շինարարական գործունեություն՝ Երևանի Կենտրոնում գործող «Ռեպուբլիկա» հյուրանոցի, «Դառգետ» գարեջրատան, ինչպես նաև Էրեբունիում 15 հարկանի նորակառույցի կառուցապատողն է։
2007-ին, երբ Մհեր Սեդրակյանը թաղապետ էր, Էրեբունի համայնքի ավագանին որոշել է Սասունցի Դավթի 87 հասցեում համայնքապատկան անշարժ գույքը՝ 35 քառակուսի մետր մակերեսով, օտարել Հենրի Միքայելյանին՝ 1.5 միլիոն դրամով։ Միքայելյանը ներգրավված է մի քանի բիզնեսներում, նրան են պատկանում, օրինակ, «Ստոնման» և «Բազալտ բրոկեն» ընկերությունները, որոնք զբաղվում են կավի ու բազալտի արդյունահանմամբ։ «Ստոնման»-ը շահագործում է Վարդավառի լճից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սարի թաղի գիպսատար կավերի ու բազալտների Արևելյան տեղամասը, իսկ «Բազալտ բրոկեն»-ը՝ Ողջաբերդի բազալտի հանքավայրը։
Համայնքի ավագանու՝ 2004 թվականի նոյեմբերի 11-ի նիստում քննարկել ու հավանության է արժանացրել համայնքային սեփականություն հանդիսացող՝ Սասունցի Դավիթ 87Ա շենքի 492 քառակուսի մետր տարածքը Մակար Սարուխանյանին օտարելու որոշումը։ 492 քառակուսի մետրը վաճառվել է 5300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Մակար Սարուխանյանը պատահական չի հայտնվել այս գործարքում. նա, ըստ մամուլի հրապարակումների, Մհեր Սեդրակյանի աջ ձեռքն է ու տնտեսական գործունեության կառավարիչներից մեկը։ Մակար Սարուխանյանին է պատկանում նաև «Մակվար» ՍՊԸ-ն, որը Վարդավառի զբոսայգու վարձակալներից է եղել 2000-2009 թվականները՝ մինչ այն պահը, երբ «Բիդեք»-ը հայտնվեց որպես նոր վարձակալ։
2004-ին Էրեբունու թաղապետարանը նվիրատվության պայմանագիր է կնքել քաղաքացի Վարդան Սեդրակյանի հետ՝ նրան հանձնելով «Վարդավառ» զբոսայգու 0.2320 հեկտար (2320 քառակուսի մետր) մակերեսով հողատարածքը, 905 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 295 քառակուսի մետր մակերեսով լովավազանը, 35 քառակուսի մետր մակերեսով կաթսայատունը։ Վարդան Սեդրակյանը Մհեր Սեդրակյանի հարազատ եղբայրն է։
2009-ին Էրեբունու թաղապետարանը գույքի առքուվաճառքի պայմանագիր է ստորագրել քաղաքացի Գառնիկ Ավետիսյանի հետ։ Գնորդը, որպես սեփականություն, ձեռք է բերել Սասունցի Դավթի 87 հասցեում գտնվող անշարժ գույքը, որն ունի 0.0061 հեկտար (61 քառակուսի մետր) մակերեսով հողատարածք ու 58 քառակուսի մետր տարածքով խանութ։ Գույքի վաճառքի գինը կազմել է 2.8 միլիոն դրամ։ Գառնիկ Ավետիսյանը Սեդրակյանների ընտանիքի մերձավորներից է, նաև՝ բաժնեմաս ունի Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունում՝ «Բիդեք»-ում։
Էրեբունու թաղապետարանի տարածքներից տարբեր հիմունքներով օգտվել են նաև պետական հաստատություններ։ Այսպես՝ Պետեկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության պետը խնդրանքով դիմել է թաղապետարանին՝ վարչական շենքից իրենց 5 սենյակ տրամադրելու խնդրանքով։ Թաղապետարանում 77 քառակուսի մետր մակերեսով տարածքը տրամադրվել է ՊԵԿ հարկային տեսչությանը՝ տարեկան 325 հազար դրամով։ 2006-2009 թվականներին թաղապետարանում տարածք է վարձակալել նաև հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալած «Արմենիան դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ն՝ ամսական 75.000 դրամ վարձավճարով։
2006-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշել է ընդառաջել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Էրեբունու տարածքային կենտրոնին և 7 տարի ժամկետով ավելի քան 430 քառակուսի մետր մակերեսով տարածք վարձակալության է հանձնվել պետական մարմնին՝ քառակուսի մետրը գնահատելով 2400 դրամ։
Այս տարվա ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Վարդավառի» զբոսայգու հողերի օտարման փաստով նախապատրաստած նյութերում առերևույթ առկա են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով ծանր վնասներ պատճառելու հանցագործության հատկանիշներ։ Հարուցվել է քրեական գործ։